ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԻՆՉՊԵՍ ՀՐԱՇԱԼԻ ՏԵՍԻԼ` «ՇԱՐԱԿԱՆԸ» ԴՅՈՒԹՈՒՄ Է ԻՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՈՃԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՄԲ, ԱՅԵՑԻՈՒԹՅԱՄԲ»

«ԻՆՉՊԵՍ ՀՐԱՇԱԼԻ ՏԵՍԻԼ` «ՇԱՐԱԿԱՆԸ» ԴՅՈՒԹՈՒՄ Է ԻՐ ԵՐԱԺՇՏԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ՈՃԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՄԲ, ԱՅԵՑԻՈՒԹՅԱՄԲ»
20.01.2012 | 00:00

«Մեր ջերմագին գնահատանքը և օրհնութիւնը «Շարական» նուագախմբին, մաղթանքով, որ նա շարունակի նոյն ոգեշնչումով իր հոգեղէն գործունեութիւնը, մեր հայրենի ժողովրդի գօտում և հայ սփիւռքի տարածքի վրայ ի պանծացումն հայ ոգեկանութեան»։
ՎԱԶԳԷՆ Ա
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Սբ. Էջմիածին, 22 ապրիլի, 1982 թ.


«Ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդը նման զավակ ունի»։
Արամ ԽԱՉԱՏՐԵԱՆԸ
Գրիգոր Դանիէլեանի մասին
Երևան, 1969 թ.
(«ՀԱՅ ԱՐՎԵՍՏ», N 3, 2003)


«Հայհամերգ» միավորման հնագույն երաժշտության «Շարական» համույթի առաջին համերգը տեղի է ունեցել 1981 թ. փետրվարի 26-ին։ Հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը Գրիգոր Դանիելյանն էր (ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ)։
Մինչ այդ Գ. Դանիելյանը փորձառության տարիների երկար ճանապարհ էր անցել` ավարտել էր Չայկովսկու անվան երաժշտական տասնամյա դպրոցի ջութակի դասարանը, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի երաժշտագիտական և օպերային-սիմֆոնիկ դիրիժորության բաժինները. նրա ուսուցիչներն էին Ժան Տեր-Մերկերյանը, Ռոբերտ Աթայանը, Միքայել Մալունցյանը։ (Հետագայում նույնպես գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան` աշխարհահռչակ դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկու ղեկավարությամբ։ Դանիել Երաժիշտը ներկայումս դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում)։ Դանիելյանների բազմանդամ ընտանիքից հինգը երաժիշտներ էին։ Եվ հնագույն երաժշտության համույթ ստեղծելու գաղափարն ու առաջին քայլերն իրականացվել են այդ երաժշտական ընտանիքում։
Գ. Դանիելյանը նմանօրինակ համույթներ է ստեղծել Երևանի թիվ 3 մշակույթի տանը, Լենինականի, Երևանի և Կապանի երաժշտական ուսումնարաններում, որոնք ունեին համերգային կոլեկտիվի մակարդակ։ Հենց այդ պատճառով էր, որ Գ. Դանիելյանին վստահեցին «Հայհամերգի» մենակատարներից կազմել համույթ։ Բավական է նշել, որ այդ համերգային կազմակերպության գեղարվեստական ղեկավարն էր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը, տնօրենը` Գևորգ Ասատուրյանը։ Նորաստեղծ «Շարականի» կազմում էին Անդրկովկասյան մրցույթի դափնեկիրներ, տաղանդավոր երգիչներ և երաժիշտներ։ Համույթի նպատակն էր վերածնել, վերստեղծել միջնադարյան հոգևոր երաժշտության գլուխգործոցները, հայկական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների հազվագյուտ գործերը։ Կան որոշ ժանրեր, երաժշտաձևեր, որոնք նպատակահարմար չեն կամ չեն համապատասխանում այս կամ այն կատարողական կազմին, նույնիսկ եթե նա դրանք ի վիճակի է կատարելու։ Օրինակ, ո՞ր խմբին են հարմար գալիս չորս բլոկֆլեյտաների համար գրված կանցոնաները կամ, այսպես կոչված, «բիցինիումները»` երկու նվագարանի համար, կամ Վերածննդի շրջանի մադրիգալները մի քանի երգչի և լյութնյայի, վիոլաների, փողայինների համար։ Ո՞ր խումբը պիտի կատարի Բախի «Երաժշտական ընծա»-ն կամ «Ֆուգայի արվեստը» կամ մեր շարականներն ու տաղերը։ Չէ՞ որ սրանք հանճարեղ կոթողներ են։ Չէ՞ որ յուրաքանչյուր խումբ ունենում է իր հստակ նվագացանկը։ Ահա թե ինչու էր ստեղծվել «Շարական» համույթը` խումբ, որը ճկուն կերպով կարող էր կերպարանափոխվել` տարբերակելով իր կազմը, կոտորակվելով տարբեր միավորների` մենանվագ, զուգանվագ, տրիո, կվարտետ, սեքստետ և այլն։ Առաջ անցնելով նշենք, որ 1984 թ. «Շարականի» փայլուն համերգները Հոլանդիայի Մաստրիխտ քաղաքում կայացած կրոնական երաժշտության միջազգային փառատոնում գրավել էին «աթեիստական» Մոսկվայի համապատասխան գաղափարական մարմինների ուշադրությունը և առաջ բերել նրանց դժգոհությունը։ Համույթի գոյությունը կասկածի տակ էր։ Սակայն հայ կոմունիստ ղեկավարներն ափսոսացին և ելքը գտան. համույթը վերանվանվեց ավելի հանդուրժելի անվամբ` «Տաղարան»։ Հետագայում (1986 թ.) Դանիել Երաժիշտին հրավիրեցին Հեռուստառադիոպետկոմ, որտեղ մաեստրոն հիմնադրեց «Գանձեր» համույթը։ Վերջինիս ցրվելուց հետո 1992 թ. նույն ռադիոյում Դանիել Երաժիշտը կազմեց նոր համույթ, և վերականգնվեց «Շարական» անունը։ Իսկ 2001 թ. դեկտեմբերի 28-ին համույթը լուծարվեց և մինչ օրս գործում է որպես ինքնուրույն երաժշտախումբ, առանց որևէ պատկանելության և աջակցության։ Եվ անհասկանալի է, թե ինչո՞ւ մյուս լուծարված համույթները վերականգնեցին ռադիոյում, իսկ «Շարականը» և «Ակունքը»` ոչ...
«Շարականը» կարելի է համարել պրեմիերաներ կատարելու Հայաստանի «չեմպիոն»։ Մեզանում բազմաթիվ անհայտ, տարբեր դարերի, տարբեր երկրների կոմպոզիտորների քանի՜-քանի՜ գործեր է հնչեցրել համույթը։ Ահավասիկ. Վալտեր ֆոն դեռ Ֆոգելվեյդե, Հենրիկ Իզակ, Հանս Նոյզիդլեր, Ֆրանչեսկո Լանդինո, Ժիլ Բեաշուա, Բարտոլոմեո Տրոմբոնչինո և շատ ու շատ այլ երաժիշտներ։ Հայերից նշենք շարականագիրներ Աշոտ Պատրիկ Բագրատունուն, Խոսրովիդուխտին, Հովհաննես Սարկավագին, երգահան Պետրոս Ղափանցուն... Նույնիսկ հայտնի երկերը «Շարականի» կատարմամբ միշտ հնչել են յուրովի` Գ. Դանիելյանի կողմից բազմաձայնած, անկրկնելի գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ։ Թե որքան էր դա հաջողվում, թող խոսեն հեղինակավոր մասնագետները, արվեստագետները։ Ահա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի գնահատականը. «Գրիգոր Դանիելյանը հայտնի է դիրիժորական և երաժշտական-լուսավորչական իր գործունեությամբ։ Տարբեր դարաշրջանների և կոմպոզիտորական դպրոցների երաժշտակատարողական առանձնահատկությունների գերազանց իմացությունը ճշմարիտ հիմք հանդիսացավ հնչեցնելու հայկական հոգևոր և աշխարհիկ երգերը, որոնք նորովի մեկնաբանվեցին «Գանձեր» անսամբլի կողմից։ Անսամբլի հիմնադիր Գ. Դանիելյանը ներկայանում է ոչ միայն որպես իր գործի գերազանց իմացող դիրիժոր, այլև նուրբ գործիքավորող, մշակման գիտակ։ Ահա թե ինչու այդքան գունեղ և հարուստ է հնչում անսամբլը, այդքան ներդաշնակ են երգը և նրան շրջապատող գործիքային հնչյունները։ Դանիելյանի գործունեությունը մեր արվեստի մասն է կազմում, և արժանի կերպով է ներկայացնում մեր մշակույթի մարգարիտներից մեկը` հնագույն հայկական երգը» (Դանիել Երաժիշտ, «Հայաստանը երգերում», հ. 4, Եր., 2009, էջ 9)։
Դանիելյանի լուսավորչական գործունեության մասն է նաև այն, որ նա եզակի տեղեկություններ էր տալիս տվյալ ստեղծագործության, հեղինակի և դարաշրջանի մասին, ունկնդրին փոխանցում կատարվող երգերի թարգմանությունը, խորհուրդը, զուգահեռներ անցկացնում հայ և արևմտաեվրոպական արվեստի միջև, բացահայտում հայ հոգևոր երաժշտության առնչությունները, ազդեցությունն արևմտաեվրոպական հոգևոր, մասնագիտացված երաժշտության ակունքների վրա։ Սրանով էր պայմանավորված «Շարականի» համերգների կառուցվածքը. 1-ին բաժինը` հայկական, 2-րդը` եվրոպական։ Բացի այդ, համույթը ներկայացնում էր հոբելյանական համերգներ` նվիրված Շյուտցի, Ֆրեսկոբալդիի, Կոմիտասի արվեստին, կամ համերգ` կազմված ստեղծագործող արքաների գործերից, օրինակ, Ալֆոնս 10-րդ, Մարգարիտ Նավարացի, Տիբո 4-րդ Նավարացի, Ֆրիդրիխ Մեծ, Իվան Ահեղ, Հենրի 8-րդ, Լեոպոլդ 1-ին կայսր և ուրիշներ։ «Շարականը» մեզանում առաջինն սկսեց յուրաքանչյուր տարեմուտին ավանդաբար հանդես գալ Սուրբ ծննդին նվիրված համերգով։ Մեր ձեռքի տակ եղած հայտագրում (22.12.1984) նշված են 18 երկիր ներկայացնող Ծննդյան երգեր, հատվածներ Բախի «Ծննդյան օրատորիայից»։ Եվ լավ է, որ հիշյալ մեկնաբանությունները հրատարակվել են առանձին գրքով (Դանիել Երաժիշտ, «Ամենեն մաքուր հայելին ցեղին...», Ե. 2008)։
«Շարականը» մասնակցել է մի շարք միջազգային փառատոների. 1984-ին` Հոլանդիայում, Բախի և Հենդելի ծննդյան 300-ամյակի կապակցությամբ` մերձբալթյան հանրապետություններում և այլն։ «Շարականը» հաճախ ելույթներ էր ունենում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. սրբալույս Մյուռոնօրհնեքին, երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսի ձեռնադրման 27-ամյակի, Գանձատան բացման և այլ հանդիսություններին։
Դանիել Երաժիշտն առաջինը մեզանում նվագեց և տարածեց Վերածննդի դարաշրջանում գործածվող բլոկֆլեյտա գործիքը։ «Շարական» համույթի գործունեությունը բարձր գնահատելով` Վազգեն Վեհափառը նվիրել է բլոկֆլեյտաների չորս տարատեսակ (ներկայումս գտնվում են «Տաղարան» համույթում)։ Համույթը մասնակցել է նաև ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված Հայաստանի արվեստի վարպետների համերգաշարին` Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Քիշնևում և բազում այլ քաղաքներում։ Համույթը հյուրախաղեր է ունեցել նաև Ռումինիայում, Բուլղարիայում, Ավստրիայում և այլուր` յուրաքանչյուր երկրում կատարելով տվյալ երկրի երաժշտությունը։
Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի և անվանի այլ գրողների պատվիրակության հետ «Շարականը» ելույթ է ունեցել Մոսկվայում` Վահան Տերյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկոյին։
«Շարականն» աչքի էր ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով և ճշգրիտ վերարտադրում էր յուրաքանչյուր գործ։ Սրա վառ վկայությունն այն է, որ Քիշնևի և Բուխարեստի համերգներից հետո մամուլը գրում էր ռումինական երգերի «ավտենտիկ», այսինքն` «հեղինակային», նույնական վերարտադրության մասին։ Թղթակիցները ղեկավարին հարցրել էին. «Քանի՞ ռումինացի կա Ձեր համույթում»։ «Բոլորս հայ ենք»,- պատասխանել էր նա։ Թղթակիցը համառում էր. «Ապա ինչպե՞ս եք կարողանում այդքան հստակ առոգանությամբ երգել ռումիներեն»։ Եվ Դանիել Երաժիշտն ամփոփել էր. «Որովհետև հայ ենք»։ Համույթի երկացանկում զգալի տեղ է գրավում ժողովրդական երգը` Արևմտյան և Արևելյան Հայաստանի բազում շրջանների բարբառներով։ Դրանք են ցեղասպանությունից մազապուրծ, աշխարհով մեկ սփռված հայերի երգերը, որոնք գրի են առել, փրկել Կոմիտասը և իր աշակերտները։ Եվ այս երգերը Դանիել Երաժիշտի բազմաձայնությամբ և գործիքավորմամբ մի նոր շունչ են ստացել ու հավանության արժանացել ոչ միայն մեզանում, այլև այլազգի երաժշտասերների շրջանում։
Ահա մի քանի արձագանք «Շարականի» ելույթների մասին. «Երաժշտությունը թափանցում է հոգու խորքերն այնպես, որ դժվար թե երբևէ մոռացվի։ Վիեննայի համար այն մշակութային սենսացիա էր» (Ա. Յորդան, «Հուշամատյան», 4.09.1983 թ.)։
«Շարականի» ներկայացրած հայկական մեղեդիները գերեցին ունկնդիրների սրտերը» (Ջոն Հունեն, Հոլանդիա, «Դը Լիմբուրգեր», 7.09.1984 թ.)։
«Խորապես յուզուած եմ վարդի և Հայրենիքի գաղափարներու նմանողութեամբ։ Բայց արդեն տեսեր և լսեր եմ մի բան, որ «Շարականը» իր ղեկավարի առաջնորդութեամբ կարող է նաև ծաղկեցնել փշերը» (Յակոբ Թերզյան, աստղագետ, «Հուշամատյան», 07.10.1994 թ.)։
«Ինչպես հրաշալի տեսիլ` «Շարականը» դյութում է իր երաժշտականությամբ, ոճի մաքրությամբ, հայեցիությամբ» (Տիգրան Մանսուրյան, «Հայաստանը երգերում», Ե., էջ 9)։
«Հայաստանը հիրավի երաժշտության գանձարան է։ Ինչպե՞ս էր հնարավոր արարել այդքան շատ գեղեցկություն այդքան փոքր երկրում։ Դա Կոմիտասին առաջին ծանոթանալն էր, և հիմա մենք դարձել ենք նրա նվիրյալ հետևորդները» (Դեյվիդ Պարսոնս (կոմպոզիտոր) և Քեյ Պարսոնս, Նոր Զելանդիա, «Հուշամատյան», 7.05.1994)։
«Ինչ վերաբերում է «Տարվա եղանակներ» երգաշարին, ապա դա պարզապես Դանիել Երաժիշտի հարուցած դիպվածն է... Դանիել Երաժիշտը սքանչելի երաժիշտ և արտակարգ մարդ է» (Էդվարդ Միրզոյան, «նՒՌՐ», N 23, 8.06.2006)։ Ի դեպ, այդ երգաշարը կոմպոզիտորն ընծայել է Դանիել Երաժիշտին։
«Շարականի» ղողանջները, լույսն արտացոլվել են նաև այլոց արվեստում` գեղանկարիչներ Աշոտ Մելքոնյանի, Կարեն Սմբատյանի, Խաչիկ Ադամյանի, Վալմարի, Նիկօյի, բանաստեղծ Յուրի Սահակյանի և ուրիշների։
Ժամանակին Հեռուստառադիոպետկոմը կազմակերպել էր հնագույն երաժշտության փառատոն, որի իրականացնողը Դանիել Երաժիշտի ստեղծած 2-րդ համույթն էր` «Գանձեր» անվամբ։ Հայաստան էին ժամանել երաժիշտներ Բելառուսից, Լիտվայից, Վրաստանից, և բոլորի երկացանկում ընդգրկված էին նաև Դանիել Երաժիշտի մշակած հայկական երգերից, որոնց արտասանությունը մաեստրոն գրել էր լատիներեն տառադարձությամբ, տվել նրանց թարգմանությունը։ Հյուրերից էին Լիտվայի ժողովրդական արտիստ, երգչուհի Գեդրե Կաուկայտեն և «Մուզիկա հումանա» համույթը, Մինսկի «Կանտաբիլե» համույթը և այլք, ովքեր առաջին անգամ նվագում, երգում էին հայերենով, նվագում հայկական երաժշտություն... Գնալով «Շարականի» երկացանկն ընդլայնվեց` Մաշտոցի, Ս. Սյունեցու, Նարեկացու, Կոմիտասի երկերին հետագայում գումարվեցին ժողովրդական, աշուղական, ազգային-հայրենասիրական երգեր և, Դանիել Երաժիշտի գործերի հետ մեկտեղ, Անահիտ Բախշյանի հովանավորությամբ, տպագրվեցին քառահատոր ժողովածուում։ «Հայաստանը երգերում» անունը կրող այդ ժողովածուն խորհրդանշում է միացյալ Հայաստանը, «ծովից ծով» երաժշտությունը»։ Ահա թե ինչ է գրել ժողովածուի նախաբանում Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը. «Յուզումով եւ նույնիսկ երկիւղածությամբ ենք ողջունում «Շարական» համոյթի նուագացանկի այս ժողովածուն... Երկիւղածութեամբ, որովհետեւ այս հավաքածուն, որ հոգեւոր, ոգեշնչող եւ հոգեցունց երգերի մի շարակնոց պատուականաց է» («Հայաստանը երգերում», էջ 5)։
Արցախյան պատերազմի օրերին «Շարականն» ակտիվորեն հանդես էր գալիս ազգային-հայրենասիրական երգերով` ռադիոյով, հեռուստատեսությամբ, Ազատության հրապարակում, փողոցներում, հիվանդանոցում` վիրավոր ազատամարտիկների համար։
Այդ ժամանակ էր, որ գրող-հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանն այսպես գնահատեց համույթի գործունեությունը. «Էն գործը, որ անում է մաեստրո Գրիգոր Դանիելյանն իր «Շարականով», հայ ժողովրդի ապրած հազարամյակների խտացումն է բյուրեղյա» («Հուշամատյան», 21.10.93)։
Իսկ երաժշտագետ Լարիսա Սիրավյանը նշել է. «Գործ, որ հավասարազոր է հայրենիքն անառիկ պահող մարտիկի գործին» («Հուշամատյան», 28.07.92)։
«Շարականի» նվագացանկում տեղ գտան և տպագրվեցին նաև Դանիել Երաժիշտի նորաստեղծ երգերը` նվիրված Գարեգին Նժդեհին, Մոնթեին, ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության կոնվենցիայի ընդունման 60-ամյակին նվիրված «Ապրիլի 24» երգը` Էդուարդաս Մեժելայտիսի խոսքերով, որոնք կատարվել են տարբեր երկրներում, թողարկվել ձայնասկավառակներով։ Համույթը համագործակցել է անվանի արվեստագետներ Վահագն Ստամբոլցյանի, Լուսինե Զաքարյանի, Գևորգ Հունանյանի, Աննա Մայիլյանի, թառահար Հովհաննես Ղարիբյանի և այլոց հետ։
«Շարականի» նվագացանկից օգտվել ու հայկական արվեստը Եվրոպայում տարածել են նաև այլազգի երաժիշտներ` հայտնի երգեհոնահարուհիներ Լյուբով Շիշխանովան, Յուրատե Լանդսբերգիտեն և ուրիշները։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսընի հրավերով «Շարականը» համերգներ է ունեցել ԱՄՆ-ի դեսպանատանը, նաև Թոմսընի առանձնատանը։ Ահա նրա նամակ-արձագանքը Կամերային տան համերգից հետո. «Սիրելի պարոն Դանիել Երաժիշտ, ... Ես հիշում եմ մեր հանդիպումը համերգին։ Դուք հրաշալի ժողովուրդ եք։ Լավագույն մաղթանքներով» (Փիթեր Թոմսըն, դեսպան (ԱՄՆ), Երևան, 12.11.96 թ., «Հայաստանը երգերում», էջ 9)։
Ֆրանսիական երաժշտության ծրագրերով համույթը բացել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հիմնադրման արարողությունը։ Հետագայում` 2008-ին, Երևանում «Շարականը» համատեղ համերգ է ունեցել ֆրանսիական հայտնի «Շերեմիա» համույթի հետ։
Վերջին տարիներին (2009-2011) «Շարականն» իրականացրել է մի քանի պրեմիերա։ Հայաստանում առաջին անգամ հնչեցին 17-18-րդ դդ. ավստրիացի կոմպոզիտոր Հայնրիխ Բիբերի «15 միստերիա Մարիամ Աստվածածնի կյանքից» սոնատների շարքը, Յոզեֆ Հայդնի «Մեր խաչված Փրկչի վերջին յոթ խոսքերը» ստեղծագործությունը։ 2009-ի նոյեմբերի 27-ին Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համաշխարհային պրեմիերա։ «Շարականը» կատարեց Մակար Եկմալյանի «Բաբելոնի գետերի մոտ» սաղմոս-կանտատը։ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում գտնվող այդ սաղմոսի ձեռագիրը վերականգնել էր Դանիել Երաժիշտը։ Բացի այդ, մաեստրոն ռուսերեն գրված տեքստի փոխարեն հարմարեցրել էր հայերենը, ի մի բերել մեղեդու և հայերեն սաղմոսի շեշտերը։ Սաղմոսի ռուսերեն և հայերեն երկլեզվյան տարբերակը հրատարակվել է «Հայաստանը երգերում» ժողովածուի 4-րդ հատորում։
2010 թ. մարտի 12-ին «Շարականը» հանդես եկավ Սլովենիայում` Հայկական մշակույթի փառատոնին, իսկ 13-ին` Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ «Շարականի» վերջին համերգը տեղի է ունեցել 2011 թ. նոյեմբերի 27-ին, Կամերային երաժշտության տանը։ Այն կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարության «Հոգևոր երաժշտության կենտրոնը»։ Առաջին անգամ հնչեցին Կոմիտասի «Գիշերերգը», Դանիել Երաժիշտի «Երկու ռուբային»` Հաֆեզի խոսքերով, կատարվեցին նաև Լեոպոլդ 1-ին կայսեր «Մարդկային ցեղի փրկությունը» աղոթերգությունից մի հատված, Մենդելսոնի «Ընկալ, Տեր» խմբերգը, հայկական ժողովրդական և այլ երգեր` Դ. Երաժիշտի մշակմամբ։ Համերգը նկարահանեց և հեռարձակեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը։
Թեպետ մասնագետները, մամուլը բարձր են գնահատել «Շարական» համույթի գործունեությունը, և Դանիել Երաժիշտին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում, միևնույն է, այս եզակի համույթը մնում է, ինչպես ասում են, «խաղից դուրս», չունի պետական կարգավիճակ, փորձերն անցկացնում է Դանիել Երաժիշտի նեղլիկ բնակարանում, ապագան մնում է անորոշ։
Վերը նշվածից կարելի է եզրակացնել, թե ինչ ահռելի աշխատանք էր կատարված, ինչպիսի մեծ վերելք է ապրել համույթը, որ նմանվում էր արվեստի մի դարբնոցի, գիտահետազոտական մի օջախի, սակայն այս հայրենանվեր գործն աչքաթող է արվել։ Եվ պարադոքսը հետևյալն է. մարտնչող անաստվածության տարիներին նույնիսկ կոմունիստ ղեկավարները աջակցում էին հոգևոր երաժշտությունը քարոզող այդ համույթին, իսկ այսօր, երբ ազատ ենք և անկախ, հասարակությունը փորձում է երեսով շրջվել դեպի Աստված, դեպի քրիստոնեական արժեքները, մոռացության են մատնել մի համույթ, որն ինքն է մոռացությունից փրկել համաշխարհային արվեստի բազում գլուխգործոցներ։ Ժամանակին Վազգեն վեհափառ հայրապետը պատգամել է, որ «Շարական» համույթը շարունակի «նույն ոգեշնչումով իր հոգեղեն գործունեութիւնը մեր հայրենի ժողովրդի գօտում եւ սփիւռքի տարածքի վրայ, ի պանծացումն հայ ոգեկանութեան» («Հայաստանը երգերում», էջ 9)։
Ահա այս հանձնարարականի իրագործումն ինչ-որ «այլմոլորակային» ուժերի կողմից վտանգված է։ Մինչդեռ անհավատության տարիներին համույթը հասել էր «աշխարհի ծայրը»` Արխանգելսկ, նույնիսկ «ատոմային սուզանավերի «նավահանգիստ»` փակ քաղաք Սևերոդվինսկ»,- ինչպես գրում է արքեպիսկոպոս Աշճյանը։ Իսկ այսօր Երևանում համերգասրահ վարձակալելը, գովազդը և այլ ծախսերը շատերի համար անհնարին են դարձել։ Հազա՛ր ափսոս։ Մեր խոսքն ավարտենք Նաիրի Զարյանի թարգմանած ճապոնական մի համահունչ բանաստեղծությամբ, որը կարծես արտացոլում է մեր այսօրվա ազգանվեր պոռթկումների, մեծագործությունների ճակատագիրը.
Եվ ո՞վ կարող էր մտածել,
Որ ունեցար դու փառավոր վայրկյան,
Երբ որ, իբրև հանկարծ ընկնող ասուպ,
Դու լուսավորեցիր երկինքն ամբողջ,
Թանգարանի քունջում սևացած քար։
Հրանտ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3241

Մեկնաբանություններ